ԱՄՆ բարձրագույն զինվորական հրամանատարը՝ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, մանրամասն պատմել է Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողության մասին։
Նախագահ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ Քեյնը հայտնել է, որ գործողության նախապատրաստումը՝ Մադուրոյի նկատմամբ հսկողությունը, հետախուզական տվյալների հավաքագրումը, մարզումները և զինվորականների փոխգործակցության մշակումը, տևել է մի քանի ամիս:
Ըստ Քեյնի՝ ամեն ինչ պատրաստ էր դեռևս դեկտեմբերին, սակայն այնուհետև գործողության մասնակիցները ստիպված էին մի քանի շաբաթ սպասել համապատասխան եղանակային պայմանների:
Վերջապես, հունվարի 3-ի գիշերը հաստատվեց անհրաժեշտ եղանակը: ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 22:46-ին նախագահ Թրամփը տվեց գործողությունը սկսելու հրամանը:
Գեներալ Քեյնի խոսքով՝ 20 ռազմաբազաներից միաժամանակ օդ է բարձրացել ավելի քան 150 ինքնաթիռ և անօդաչու սարք: Այնուհետև Կարիբյան ծովում գտնվող ավիակրից թռել են գրոհային խմբի ուղղաթիռները, որոնց կազմում եղել են նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ (նրանք պետք է առձեռն ներկայացնեին Մադուրոյի մեղադրանքը):
Գեներալը նշել է, որ ուղղաթիռները թռչում էին ջրի մակերևույթից ընդամենը 30 մետր բարձրության վրա: Այդ ընթացքում ինքնաթիռներն ու դրոնները սկսել են հարվածներ հասցնել Վենեսուելայի ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերին:
Կարակասի ժամանակով գիշերը 02:01-ին (որը մեկ ժամով առաջ է ԱՄՆ Արևելյան ափի ժամանակից) ուղղաթիռները հասել են Մադուրոյի նստավայր: Օդից նրանց շարունակում էին պաշտպանել ինքնաթիռներն ու անօդաչուները:
Ցամաքից կրակ են բացել ուղղաթիռների ուղղությամբ, վերջիններս պատասխանել են: Վենեսուելացիները հարվածել են ուղղաթիռներից մեկին, սակայն, ըստ գեներալ Քեյնի, այն շարքից դուրս չի եկել և բոլորի հետ միասին վերադարձել է առաջադրանքից:
Այնուհետև գրոհային խումբը գերեվարել է Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիային:
ՈՒղղաթիռներն օդ են բարձրացել և ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 3:29-ին՝ գործողության մեկնարկից 4 ժամ 43 րոպե անց, վայրէջք կատարել «Իվոձիմա» ավիակրի վրա:
Գեներալ Դեն Քեյնն իր պատմության սկզբում ընդգծել է, որ բաց կթողնի շատ մանրամասներ՝ նմանատիպ գործողությունների մեթոդներն ու մարտավարությունը չբացահայտելու համար:
Գեներալը նաև մի քանի անգամ շեշտել է, որ նման գործողությունը, որտեղ համագործակցում են ավիացիան, ծովային ուժերը, տիեզերական ուժերը, ծովային հետևակը և զինված ուժերի այլ տեսակներ, հասանելի է բացառապես Միացյալ Նահանգների զինված ուժերին:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ